Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում օրհնվեց Սրբալույս Մյուռոնը: Արարողությանը ներկա էին նախագահ Սերժ Սարգսյանը, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, վարչապետ Հովիկ Աբրահամյանը, նախարարներ, դեսպաններ։
Մյուռոնօրհնության բացառիկ իրավունքը վերապահված է Ամենայն հայոց կաթողիկոսին: Այժմ մյուռոն է օրհնում նաև Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսն իր մի քանի թեմերի համար: Ըստ ձևավորված սովորության` մյուռոնն օրհնվում է 5-7 տարին մեկ։ Ս. Մյուռոնի պատրաստությունը սկսվում է Մյուռոնօրհնությունից ամիսներ առաջ, երբ աշխարհի զանազան վայրերից Մայր Աթոռ են բերվում անհրաժեշտ նյութերը՝ ձիթենու յուղը և բալասանը, որոնց խառնվում է 40-ից ավելի տարբեր հոտավետ խունկերի, ծաղիկների, անուշահոտ բույսերի արմատների, ծաղկաջրերի, յուղային հյութերի և տերևների միաշաղախված հեղուկը: Բոլոր նյութերը աղոթքների ներքո լցվեցին Ս. Մյուռոնի կաթսայի մեջ, որից հետո հնչեց «Հայր մեր»-ը։ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը հայտարարեց, որ այս տարվա արարողությունը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին։ «Սրբալույս Մյուռոնը տեսանելի նշանն է Քրիստոսով օծման, որն ընդունում ենք մկրտության միջոցով՝ իբրև ժառանգակից փրկչի: Մյուռոնով զգեստավորվում ենք Քրիստոսի սրբությամբ, մաքրվում մեղքից, որպեսզի ապրենք Աստծո արդարությամբ: Մյուռոնը զարթոնք և գարուն է հոգիների, ծաղկում՝ հավատքի, առաքինասեր կյանքի ու բարեպաշտ գործերի, վահան՝ ընդդեմ չարի, հաղթանակը, փառքն ու լուսեպսակը հավատացյալների, քանզի Երկնավոր մեր Հայրը Իր Որդու միջոցով, կոչեց մեզ մահվանից կյանքի, մեղքին ծառայությունից շնորհների ազատության և երկնային արքայության ժառանգության»,-ասաց Ամենայն հայոց կաթողիկոսը: Վեհափառ Հայրապետը շեշտեց՝ Սուրբ Մյուռոնն իր զորությամբ հավատքի զենք հանդիսացավ Հայոց ցեղասպանությանը զոհ դարձած ժողովրդի զավակների համար. «100-ամյա մեր ուղին եղավ վերածննդի ուղի, և այսօր մեր անկախ պետականության հովանու ներքո ազգային զարթոնքի նոր հորիզոններ են լուսավորվում»։ Նա ասաց, որ Ցեղասպանության 100-րդ տարելիցի նվիրական տարում մյուռոնը կոչում ենք «Հաղթության մյուռոն»։